ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Ընթացք»-ի հայկական ուղեգիրը

«Ընթացք»-ի հայկական ուղեգիրը
20.07.2015 | 17:01

Չեխական «Պլավ» («Ընթացք») ամսագիրը ներկայացնում է բացառապես համաշխարհային գրականությունը: Այս տարվա ապրիլյան համարը գրեթե ամբողջությամբ նվիրված է Ցեղասպանության 100-ամյակին: Սակայն ո՛չ ընդհանրապես, այլ որոշակի հայեցակետով. Ցեղասպանության արտացոլումը հայ և համաշխարհային գրականության մեջ:

Համարը բացվում է Պրահայում գտնվող «Օրեր» հանդեսի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի և գրաքննադատ, արձակագիր և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի հարցազրույցով, վերնագրված «Ցեղասպանությունը լոկ մեկ ազգի ողբերգությունը չէ, այլ ամբողջ մարդկության»: Հարցազրույցին հաջորդում է Ռադկա Ռուբիլինայի էսսեն, որտեղ համառոտակի խոսվում է հայոց գրերի, պատմության, Սփյուռքի և Ցեղասպանությանը նվիրված գրականության մասին:
Գեղարվեստական գործերը՝ արձակ և չափածո, բազմազան են՝ հին և նոր, հայագիր և օտարագիր հեղինակներ, և անգամ էջեր, որոնք առնչություն չունեն Ցեղասպանության հետ, բայց հայ հեղինակներ են:
Ընդարձակ մի հատվածով ներկայացված է Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպը, որ հայերենից թարգմանել է Միլադա Կիլանովան: Իսկ Անահիտ Թոփչյանի «Խենթ աղջիկ»-ը՝ նրա «Lady S.D.F.» ժողովածուից, ռուսերենից թարգմանել է Լիբոր Դվորժակը: Արմեն Շեկոյանը ներկայացված է «Իգդիր» պատմվածքով՝ Աննա Սոխովայի թարգմանությամբ, որը նաև, դարձյալ հայերենից, մի փոքրիկ հատված է թարգմանել Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» գրքից:
Միակ օտարալեզու հայազգի գրողը ռումինահայ Վարուժան Ոսկանյանն է՝ իր «Շշուկների մատյանով»:
Չեխ ընթերցողները հնարավորություն են ստացել ծանոթանալու նաև հայ բանաստեղծության մի քանի նմուշներին. Նարեկացի, Թումանյան («Մի կաթիլ մեղրը»), Վարուժան և Սիամանթո: Ըստ որում, վերջին երեքը ներկայացված են երկլեզվյան՝ բնագրով և թարգմանությամբ:
Հանդեսի հայկական բաժինն ամփոփում է Հակոբ Ասատրյանի «Հայոց Ցեղասպանությանը նվիրված գրականությունը» հոդվածը, որտեղ հեղինակը հանգամանալից խոսում է համամարդկային այդ ողբերգությունն արտացոլող՝ հայ և օտար հեղինակների, գեղարվեստական մի շարք ստեղծագործությունների մասին: Ի դեպ, հավանաբար, հարկ է նշել, որ այս հանդեսը լույս աշխարհ է եկել բացառապես Հակոբ Ասատրյանի անդուլ ջանքերի շնորհիվ, վաստակաշատ լրագրող, մտավորական, որը փաստորեն դարձել է մեր մշակութային դեսպանն այդ եվրոպական երկրում, և «Պլավ» հանդեսի հայկական համարը նրա բազմաթիվ հայանպաստ նախաձեռնություններից մեկն է:
Եվ, վերջապես, հանդեսի շապիկը զարդարում է Չեխիայում բնակվող հայ նկարիչ Հովիկի յուղաներկ աշխատանքը:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ